Tapon.am-ը մեկնարկել է իրազեկման հանդիպումներ կրթական հաստատություններում՝ նպաստելով բնապահպանական կրթության զարգացմանը։ Նախաձեռնությունը նպատակ ունի երեխաներին ծանոթացնել թղթի թափոնի վերամշակման կարևորությանը և դրա ազդեցությանը շրջակա միջավայրի վրա։
Հանդիպումների ընթացքում երեխաները սովորում են, թե ինչպես առանձնացնել թղթի թափոնը կենցաղային աղբից և այն ուղղել վերամշակման, վարպետաց դասի շրջանակներում տեսնում են, թե ինչպես է հին թղթից նոր թուղթ ստացվում։ Մասնագետները ներկայացնում են վերամշակման գործընթացի դերը ռեսուրսների խնայողության, ծառահատումների նվազեցման և բնության պահպանության մեջ։
Այս ծրագրի նպատակն է ոչ միայն իրազեկել, այլև երեխաների մոտ ձևավորել պատասխանատվության զգացում շրջակա միջավայրի հանդեպ՝ նպաստելով ավելի կանաչ ապագայի կառուցմանը։
Tapon.am հավելվածի #բերեք_վերամշակենք նախաձեռնությունը կշարունակվի ամբողջ տարվա ընթացքում՝ ընդգրկելով ավելի շատ դպրոցներ և նախակրթարաններ: